Հասարակական

Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը

2 րոպեի ընթերցում

Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

««Չափագիտության ազգային ինստիտուտ» ընկերության նախկին պաշտոնատար անձինք, 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ 27 աշխատակիցների հրամանագրել են տարբեր հաստիքներում:

Տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին` վերոնշյալ անձինք կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ պետական բյուջեից 27 անձի անունով դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի գումար:

2020 թվականի օգոստոսի 11-ին հարուցվել է քրեական գործ (վարույթ)` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

2024 թվականի մայիսի 20-ին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ նախկին տնօրեններ Ե.Չ.-ի և Վ.Ս.-ի կողմից, վերականգնվել է պետությանը պատճառված 51 մլն 227 հազար դրամ վնասը»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում