Կնորոգվեն Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը
1 րոպեի ընթերցում
![Կնորոգվեն Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137614.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավությունը ներթափանցում է եկեղեցի։
Մշտադիտարկման արդյունքների ամփոփումից հետո կազմվել են եկեղեցու տանիքածածկերի նորոգման գիտանախագծային փաստաթղթերը։ Սահմանված կարգով դրանք հաստատելուց և փորձաքննելուց հետո կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթը։