Հասարակական

Հայաստանում անցկացվելու է «Ծայրամասային ցավային նեյրոպաթիաների իրազեկման շաբաթ»

3 րոպեի ընթերցում

Հայաստանում անցկացվելու է «Ծայրամասային ցավային նեյրոպաթիաների իրազեկման շաբաթ»

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մայիսի 25-31-ն անցկացվելու է «Ծայրամասային ցավային նեյրոպաթիաների իրազեկման շաբաթ», որի շրջանակում լինելու են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ինչպես բժշկական հանրությանն, այնպես էլ բուժառուներին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի հիմնադիր-նախագահ Ավետիս Ավետիսյանը նշեց, որ մայիսի 25-ին կանցկացվի մեծ գիտաժողով 200 բուժաշխատողի համար, դրանից բացի առցանց հարթակում էլ՝ հանրապետության բոլոր բժիշկների համար դասախոսություն։ Սպասվում է մասնագիտական գրքի շնորհանդես։ Այն նշված թեմայի վերաբերյալ հայերեն առաջին ձեռնարկն է։

«Ամբողջ աշխարհում ծայրամասային ցավային նեյրոպաթիաները համարվում են մեծ մարտահրավեր։ Հիվանդությունների մեծ խումբ կա, որն ընթանում է նեյրոպաթիաներով, հանգեցնում կլինիկական, հանրային առողջապահական խնդիրների։ Ահա, որոշվեց անցկացնել այս հանրային իրազեկման միջոցառումը՝ ներգրավելով հնարավորինս շատ շահագրգիռ կողմերի»,-ասաց Ավետիս Ավետիսյանը։

«Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի կառավարման խորհրդի անդամ Սևակ Բադալյանի խոսքով՝ ցավային նեյրոպաթիան ավելի տարածված է, քան կարելի է ենթադրել։ Վիճակագրությամբ բուժառուների 50 տոկոսը լիարժեք բուժում չի ստանում։ Ցավային նեյրոպաթիան շատ դեպքերում ունենում է այլ հիվանդության դրսևորումներ, ու քանի որ հիմնական հիվանդությունն է բուժվում, նեյրոպաթիկ ցավը մնում է անտեսված։

«Իրազեկման շաբաթի շրջանակում փորձելու ենք ուշադրությունը հրավիրել այս հարցի կարևորության վրա ու առաջարկենք բուժման տարբերակներ՝ դեղորայքային բուժում, ֆիզիոթերապիա, կինեզոթերապիա։ Կիրառելի են նաև նորագույն մեթոդներով վիրահատությունները»,-ասաց Սևակ Բադալյանը։

Ցավային նեյրոպաթիան հաճախ արտահայտվում է շաքարային դիաբետ, քաղցկեղային, նյութափոխանակային, վիրուսային հիվանդությունների պարագայում։

«Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի փոխնախագահ Խաչիկ Պետրոսյանը նշեց, որ առողջապահական այս արշավն ուղղված է բուժառուների, առողջապահական համակարգի մասնագետների իրազեկվածության բարձրացմանը։ Հիմնական շեշտը դրվելու է հիմնախնդրի՝ ցավային նեյրոպաթիաների, բոլոր ասպեկտների ճիշտ ընկալման, մասնագետների հմտությունների զարգացման վրա։ Շեշտադրվելու են նաև բուժման մեթոդներ։

«Նեյրոպաթիաների առաջացման պատճառական գործոններն այնքան տարբեր են, որ բուժման կանխարգելման հնարավորություններն ու արդյունքները ևս կարող են տարբերվել։ Եթե մենք, օրինակ, գործ ունենք դիաբետի հետ ու խնդիրը հայտնաբերում ենք վաղ փուլերում, ապա բուժական միջամտությամբ հնարավոր է կանխել խնդրի հետագա զարգացումն ու ազատել նեյրոպաթիկ ցավից»,-ասաց Խաչիկ Պետրոսյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում