Հասարակական

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովում քննարկման է դրվել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես Ազգային ժողովի մայիսի 21-ի նիստում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրվելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Թեկնածուին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ում տեղեկատվությամբ՝ ընթացիկ տարվա մարտի 29-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու են ինքնաառաջադրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Ընդհանուր ժողովում, որին մասնակցել է այդ պահին ՀՀ-ում գործող 311 դատավորներից 217-ը, գաղտնի քվեարկությամբ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 131 դատավոր, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը՝ 126։

«Արդյունքում դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Մհերի Խաչատուրյանը։

Նրա թեկնածությունը ԱԺ Կանոնակարգ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներով նախատեսված ընթացակարգով առաջադրվել է ՀՀ Ազգային ժողովին»,-ասաց Թադևոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում