ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
2 րոպեի ընթերցում
![ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137530.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է տեղեկություն առ այն, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՄԻՊ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը, որի համաձայն՝ սահմանափակումները կապված են Կիրանց գյուղի հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հետ:
«Մայիսի 20-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության կողմից ԱԺ պատգամավորների և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը Կիրանց ևս արգելվել է: Միևնույն ժամանակ, ըստ հրապարակված տեղեկությունների՝ Ոստիկանության ծառայողները փորձել են Հանրային հեռուստաընկերության նկարահանող խմբին տանել բնակավայր, բայց այլ լրատվականների լրագրողները տեսել են և թույլ չեն տվել։
Վերոգրյալ հանգամանքները նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան պարզաբանումներ է պահանջել Ներքին գործերի նախարարությունից:
Պաշտպանը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության պահպանումը:
Այսօր արձանագրվել է նաև, որ մի խումբ անձինք ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում Ոստիկանության բաժին: Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ: