ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարանների ձեռքբերման համար տրվող գումարներն անհատույց են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված 25 հազար ընտանիքի: Գործադիրի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ արցախցիները դրամական աջակցություն կարող են ստանալ 3 ուղղությամբ՝ բնակարանի կամ կառուցված տան ձեռք բերում, տան կառուցապատում, ինչպես նաև հիփոթեքային վարկի մարում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ գումարի տրամադրման չափը լինելու է ըստ բնակավայրերի։ Այսինքն՝ կախված է լինելու նրանից, թե ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը որտեղ է ցանկանում տուն ձեռք բերել։

«Կառավարությունն առանձնացրել է 242 բնակավայր, որտեղ աջակցության չափը յուրաքանչյուր անձի համար 5 մլն դրամ է։ Այստեղ ես ուզում եմ նշել, որ այդ ցանկում կան քաղաքային բնակավայրեր, ինչպիսին Գորիսն է, Բերդը և այլն։ Առանձնացվել է մեկ այլ ցանկ 148 բնակավայրով, որտեղ աջակցության չափը յուրաքանչյուր անձի համար սահմանված է 4 մլն դրամ։ Մնացած բոլոր բնակավայրերում, այդ թվում Երևանում աջակցության չափը յուրաքանչյուր բնակչի հաշվով կկազմի 3 մլն դրամ։ Եթե խոսում ենք գործող հիփոթեքի մարմանն աջակցելու մասին, ապա յուրաքանչյուր անձի մասով աջակցության չափը կկազմի 2 մլն դրամ՝ անկախ բնակելի գոտուց»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Պետության կողմից տրվող գումարները ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվում է անհատույց։ Այսինքն՝ հետ վերադարձի խնդիր չկա։ Ծրագրի պարտադիր պայմաններից է ՀՀ քաղաքացի լինելը։ Ի դեպ, եթե ԼՂ-ից բռնի տեղահանվածները ստանան ՀՀ քաղաքացիություն, ապա կարող են օգտվել նաև պետության բնակարանային պայմանների ապահովման մյուս ծրագրերից ևս։ Օրինակ՝ աջակցություն յուրաքանչյուր երեխայի մասով, իսկ եթե տունը ձեռք է բերվել կառուցապատողից, ապա եկամտահարկի հետվերադարձի հնարավորությունից ևս կարող են օգտվել։

«Այս շրջանում շատ են դիտարկումներն այն մասին, որ գումարը բավարար չէ տուն ձեռք բերելու համար, այստեղ ուզում եմ խնդրել, որ անպայման ծանոթանան բնակավայրերի ցանկին։ Բազմաթիվ քաղաքային ոչ սահմանամերձ բնակավայրեր կան, որտեղ բնակարան ձեռք բերելու դեպքում աջակցության չափ յուրաքանչյուր անձի հաշվով 5 կամ 4 մլն դրամ է»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Ծրագրով սահմանվում է, որ ձեռք բերվող բնակմակերեսը ընտանիքի մեկ անդամի հաշվով չպետք է պակաս լինի 12 քմ-ից։ Եթե շահառուն ցանկանում է տուն կառուցել, սակայն չունի հողատարածք, ապա պետությունը հնարավորություն է տալիս տրամադրվող գումարից 3 միլիոնն ուղղել հող ձեռք բերելու նպատակին։

Առաջիկայում կհաստատվի ծրագրի իրականացման կարգը, որից հետո արդեն առաջին խմբի շահառուները կարող են դիմել ծրագրին մասնակցելու համար։

Հայերեն

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները