Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ան Լորանս Պետելը նամակ է հղել երկրի վարչապետ Գաբրել Ատալին՝ կոչ անելով հակազդել Ադրբեջանի գործողություններին, որոնք կասկածի տակ են դնում Ֆրանսիայի ամբողջականությունը։

«Արմենպրես»֊ը ներկայացնում է պատգամավորի նամակն ամբողջությամբ։

«Նախորդ տարվա մարտի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության կանխարգելմանն ուղղված օրինագիծը: Եթե Ռուսաստանի գործողություններն այսօր առավել նկատելի են, ապա ադրբեջանական վարչախումբը զբաղվում է նաև մեր երկրի ապակայունացմանն ուղղված գործողություններով, որոնք մենք պարտավոր ենք դատապարտել:

Դրանք սկիզբ առան անցյալ տարվա հուլիսի 26-ին և 27-ին և ընդունեցին Ֆրանսիայի դեմ ապատեղեկատվության և սևացման լայնածավալ արշավի ձև: Կեղծ օգտահաշիվների միջոցով տարածվել է առնվազն 1600 բացասական հաղորդագրություն ՝ կոչ անելով բոյկոտել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը:

Եթե ավելի լուրջ, ապա ներկայումս Բաքվի վարչախումբը փորձում է խարխլել Ֆրանսիայի Հանրապետության միասնությունը ՝ աջակցելով անջատողականության ձգտմանը մետրոպոլիայի և Անդրծովյան մի շարք տարածքներում: Անցյալ տարվա հունվարին Ադրբեջանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրապարակայնորեն միանշանակ դիրքորոշում էր որդեգրել Կորսիկայի, Նոր Կալեդոնիայի և Ֆրանսիական Պոլինեզիայի անկախությունը սատարելու օգտին:

Ադրբեջանական ռեժիմի ակտիվությունն արտահայտվում է նաև Անդրծովյան տարածքներում, հատկապես Նոր Կալեդոնիայում անկախության շարժումներին աջակցելու մեջ: Այսպես, 2023 թվականի հուլիսի 6-ին Ադրբեջանը ստեղծեց Ֆրանսիայի գաղութատիրության դեմ պայքարի Բաքվի նախաձեռնող խումբ և կլոր սեղան կազմակերպեց Կալեդոնիայի, Մարտինիկայի և Պոլինեզիայի անկախության կողմնակիցների մասնակցությամբ ։

Հատկապես ցավալի է, որ ֆրանսիացի խորհրդարանականները նպատակահարմար են գտել այցելել Բաքու ադրբեջանական ռեժիմի հրավերով ՝ դատապարտելու "ներկայիս ֆրանսիական գաղութատիրությունը" և սևացնելու մեր երկիրը:

Ադրբեջանը բազմիցս զրպարտչական արշավներ է իրականացրել Հայաստանում գտնվող մեր քաղաքացիների, մասնավորապես ՝ 2021-2023 թվականներին Երևանում դեսպան Անն Լույոյի, նրա իրավահաջորդ Օլիվյե Դըկոտինիի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) ռեկտոր Սալվա Նակուզիի, Veolia Armenia-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, ինչպես նաև ֆրանսիացի մի քանի գործարարների դեմ ։

Ադրբեջանական վարչախումբը ճնշումներ է գործադրում մեր երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված պաշտոնյաների վրա ։ Այսպես, անցյալ տարվա ապրիլի 24-ին Ադրբեջանը Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանից պահանջել էր քաղաքապետարանի շենքի դիմամասից հանել Լեռնային Ղարաբաղի դրոշը. այն տարածքի, որի բնակչությունը վտարվեց 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով ։

Այս հարձակումներին գումարվում են ֆրանսիական հողում ադրբեջանական ռեժիմի հակառակորդների հանդեպ տեղ գտած սպառնալիքները ։ Ֆրանսիայում ապաստան ստացած ադրբեջանցի բլոգեր Մուհամեդ Միրզալին մեր երկիր ժամանելուց ի վեր երկու մահափորձի թիրախ է դարձել:

Անցած տարվա փետրվարին 92% արդյունքով վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի շարժումները մեր երկրի ապակայունացման ռազմավարության արդյունքն են, Մինչդեռ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, որի տարածքային ամբողջականությունն ամեն օր վտանգված է:

Որպես ֆրանսիացի խորհրդարանականներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, մենք չենք կարող լռել մեր երկրի դեմ ուղղված այս գործողությունների դեմ: Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի միջամտությունը վճռական պատասխան է պահանջում Ֆրանսիայի կողմից, և Բաքվում մեր դեսպանի հետկանչն առաջին ազդանշանն է։

Ուստի կոչ ենք անում Ձեզ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ հակազդելու Ադրբեջանի գործողություններին, որոնք կասկածի տակ են դնում Ֆրանսիայի Հանրապետության անբաժանելիությունը»:

Հայերեն العربية

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ