Տնտեսություն

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Այնուհանդերձ, ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է այդ ծավալները բաշխել արտահանողների միջև։

Նշվում է, որ շաքարի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը դեռ ապրիլի 5-ին հաստատվել է ՌԴ տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային, սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանիչ միջոցների ենթահանձնաժողովի նիստում։

Մարտ ամսին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի վերջ այդ երկիրն արտահանել է ավելի քան 700 հազար տոննա շաքար, ինչը 3,3 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նախարարության հաղորդմամբ՝ արտահանման սահմանափակումը թույլ կտա պահպանել փոխադրվող պահուստների բավարար ծավալը և ԵԱՏՄ-ի գործընկերներին ապահովել շաքարով։

Գերատեսչությունում նշել են, որ ռուսական շաքարն ամենամատչելիներից է աշխարհում, ինչը խթանում է դրա նկատմամբ պահանջարկը համաշխարհային շուկայում։ Այս տարի զգալիորեն ընդլայնվել է ռուսական շաքարի մատակարարումների աշխարհագրությունը։ Մասնավորապես, այն սկսել են ներմուծել Թուրքմենստանը, Աֆղանստանը, Թուրքիան, Հյուսիսային Կորեան և Սենեգալը:

Ռուսաստանի պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին ՌԴ-ն արտադրել է 6.6 միլիոն տոննա ճակնդեղի շաքար, ինչը 10 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։ Ընդ որում, ներքին սպառումը կազմում է մոտ 6 մլն տոննա։

Հայերեն Русский

Գյումրիի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքական ուժերը հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ

«Արարատ-Արմենիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը

Մարտի 17-ի միջոցառումների անոնս

Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը

Քաջարանի արվեստի դպրոցի երեխաները 150 տարեկան ստեղծագործություն են բեմադրել

«Ուրարտու»-ն հաղթեց «Գանձասար»-ին

Հակակոռուպցիոն կոմիտեում 2024-ին ստացվել է 2 հազար 77 հաղորդում, որից 1810-ը կոռուպցիոն բնույթ ունի

ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. Դատախազությունը մանրամասնում է

Բոսնիա և Հերցեգովինայի Սերբսկայա Հանրապետության նախագահը հետաքրքրված է հազվագյուտ մետաղների՝ Թրամփի հետ գործարքով

Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա