Կիրանցի բողոքի ակցիային միացած զինծառայողների դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մի խումբ զինծառայողների կողմից առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու առերևույթ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:

«ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:

Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն ստորև ներկայացնում է զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները:

Հայերեն Русский

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է