Նյու Յորքի Թայմս Սքվերում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքի Թայմս Սքվերում 39-րդ տարին անընդմեջ տեղի հայ բնակիչներն անցկացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպության և ԱՄՆ-ի մի շարք այլ առաջատար կազմակերպությունների ձեռնարկած միջոցառման ընթացքում Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգները հիշել են նահատակված նախնիներին և պատրաստակամություն հայտնել շարունակելու պայքարը հայերի դեմ կատարած ոճրագործության համաշխարհային իրազեկման և ճանաչման համար:

Նախորդ տարիների արարողություններին մշտապես մասնակցած սենատոր Չակ Սչումերը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը բավարար ուշադրության չի արժանանում անգամ այն պարագայում, երբ հայ ժողովուրդը մինչև այսօր զգում է դրա հետևանքները։ «Ձեր ներկայությունը ցույց է տալիս, որ ամեն տարի շարունակում եք հարգել հիշատակը ձեր նախնիների, որոնց կյանքը շուրջ մեկ դար առաջ դաժանորեն ընդհատել է Օսմանյան կայսրությունը: Ես միշտ ոգևորվում եմ ձեզ այստեղ տեսնելիս: Այդ վայրագությունները ավելին են, քան պարզապես բիծ ազգի և այն մարդկանց վրա, ովքեր արել են դա: Աշխարհն ամեն դեպքում աչք էր փակում կատարվածի վրա, ինչն էլ ինձ դրդեց նախաձեռնել Սենատի կողմից բանաձևերի ընդունումը, որով ԱՄՆ նախագահներին կոչ էր «անվանել այն, ինչ այն ակնհայտորեն եղել է Ցեղասպանություն: Բայց մեր աշխատանքը դեռ չի արվել, մեր պարտքն է բարձրաձայնել հայ ժողովրդի դեմ այսօր կատարվող մարդու իրավունքների խախտումների մասին»,- նշել է Չակ Սչումերը։

Սենատորը հայտարարել է, որ ինքը միանշանակ դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ 2020 թվականի ագրեսիվ պատերազմը, Լաչինի միջանցքի դաժան և ցինիկ շրջափակումը, հետագա հարձակումը, որը հանգեցրեց հարյուրավոր հայերի ողբերգական մահվան և էթնիկ հայ բնակչության արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Նա նշել է, որ լինելով Սենատի մեծամասնության առաջնորդ, ամեն ինչ կանի աջակցելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին։

«Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, բայց պատմությունից գիտենք, որ այս փոքր, բայց հզոր ազգը նախկինում գերազանցել է ավտորիտար ավազակներին և կշարունակի այդպես վարվել, քանի որ հայ ազգը ոչ միայն դիմացել է, այլև հաղթել է»,- եզրափակել է սենատոր Սչումերը:

Ոգեկոչման արարողության ընթացքում ելույթ են ունեցել նաև Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող և Մերձավոր Արևելքի ֆորումի քաղաքականության վերլուծության տնօրեն դոկտոր Մայքլ Ռուբինը, որը նույնպես ուշադրություն է հրավիրել ոչ միայն անցյալի, այլև Հայաստանի շուրջ ներկայումս տեղի ունեցող իրադարձություններին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է հետևի Ֆրանսիայի օրինակին, որը դարձավ Հայաստանին զենք տրամադրած ՆԱՏՕ-ի առաջին երկիրը և «հստակ հասկացրել է, որ Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ»։

Ցեղասպանագետ, Լինկրոֆթում Դսքում Հոլոքոստի, մարդու իրավունքների և ցեղասպանության կրթության կենտրոնի գործադիր տնօրեն դոկտոր Ասյա Դարբինյանն անդրադարձել է ցեղասպանության կրթական ասպեկտներին, ճանաչման գործընթացն առաջ մղելուն և զանգվածային վայրագությունների կանխարգելմանը միտված քայլերին:

Վարդանանց դուստրերի մեծ մատրոնը՝ Նենսի Բերբերյան Թոմփսոնը, անդրադառնալով Ցեղասպանության հետևանքներին՝ հայտարարել է նաև, որ իրենց կազմակերպության անդամները ավելի քան 150 հազար դոլար են հավաքել՝ Հայաստանին, մասնավորապես, տեղահանված 120 հազար արցախահայերին օգնելու համար:

Ելույթ են ունեցել նաև Վարդանանց ասպետների մեծ հրամանատար Հունան Արշակյանը, տարբեր հոգևորականներ, կանադաբնակ երգիչ Հարութ Պետրոսյանն ու իր խումբը՝ Սթիվ Ոսբիկյանի, Ժիրո Թավիթյանի և Մհեր Վարդանյանի մասնակցությամբ, Ֆրանսիայի Լիոն քաղաքի Պարի Գրիգորյան բալետի դպրոցը` Աննա Օունջյան Գրիգորյանի ղեկավարությամբ, «Սրբոց Նահատակաց» հայկական ամէնօրեայ վարժարանի սաները:

Վարդանանց ասպետներն ու դուստրերը 1985 թվականից ի վեր հովանավորում են Թայմս Սքվերի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը՝ ամերիկահայ համայնքային բազմաթիվ կազմակերպությունների աջակցությամբ: Համահովանավոր կազմակերպություններ են Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ՌԱԿ-Ռամկավար Կուսակցությունը, Թեքեյան մշակութային միությունը, Իրավաբանների հայկական ասոցիացիան, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը և Ամերիկայի հայկական խորհուրդը։ Մասնակից կազմակերպություններ էին Ամերիկայի հայկական ցանցը, Հայ երիտասարդական դաշնակցությունը, ՀՄԸՄ-ի սկաուտները:

Հայերեն العربية Русский Türkçe

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ