Սփյուռք

Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի

2 րոպեի ընթերցում

Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի հայկական կոալիցիան հայտարարել է, որ ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ քաղաքի հուշահամալիրի մոտ կանցկացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Massispost-ը։

Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հայ համայնքի շարունակական պահանջների վրա, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառումը նաև ընդգծում է, թե ինչպես ցեղասպանությունը չճանաչելը և չպատժելը կարող է հանգեցնել դրա կրկնությանը, ինչի վկայությունն են Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները և ցեղասպանության արշավը Լեռնային Ղարաբաղում։

Ապրիլի 21-ին տեղի ունենալիք միջոցառումը կսկսվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հանդիսավոր ոգեկոչմամբ, որին կհաջորդի Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունների հեռարձակումը, որի ընթացքում ելույթ կունենա օրվա հիմնական բանախոս՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամը ներկայացնող Սեդա Անթեքելյանը, ինչպես նաև Կոնգրեսական Ջուդի Չուն։

«Մենք հրավիրում և քաջալերում ենք ամերիկահայերին և Փասադենայի ընդհանուր համայնքին միանալ մեզ և ներկա գտնվել ոգեկոչման այս կարևոր միջոցառմանը»,- հայտարարել է Փասադենայի հայկական կոալիցիայի անդամ Պողոս Փաթաթյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում