Հասարակական

ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դուբնա քաղաքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջև կնքվել է համաձայնագիր հիմնարար գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՄՀՄԻ-ի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, համաձայնագրով նախատեսվում է հիմնել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ հետազոտական կառույց` ՀՀ գիտահետազոտական ինստիտուտների և ՄՀՄԻ-ի գիտնականների ու մասնագետների փոխգործակցությունը պահպանելու, գիտատեխնիկական բնագավառում, ինչպես նաև կադրերի պատրաստման ու բնագիտության հանրայնացման ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով։

Հիմնական հետազոտական ուղղություններն են տեսական ու փորձարարական ֆիզիկան, աստղաֆիզիկան-տեսական հետազոտությունները, մոդելավորումն ու տվյալների մշակումը, միջուկային ֆիզիկայի մեթոդները որոնողական հետազոտություններում, առաջատար հետազոտությունները նոր նյութերի քիմիայի ոլորտում, կենսաբանական հետազոտությունները, ներառյալ ռադիոկենսաբանական երևույթների մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունն ու տրեկային մեմբրաների մոդիֆիկացիան, երկրաֆիզիկան ու սեյսմոլոգիան, տեղեկատվական տեխնոլոգիաները։

Նախատեսվում է նաև իրականացնել համատեղ մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրեր, նախագծերի ու գիտական հետազոտությունների արդյունքների փորձաքննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում