«Նոր գիրք»-15/24. Իսրայելյան, Օմեր, Մացուրովա, Հաֆներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Մհեր Իսրայելյան, «Քաղցր սուտ կամ դառը գաթա»

Մհեր Իսրայելյանի «Քաղցր սուտ կամ դառը գաթա» պատմվածքների ժողովածուն ճշմարտության յուրահատուկ որոնում է: Հեղինակը մանկությունից մինչև երևակայական ապագա ձգվող կամրջի վրա մեկ խարխափելով, մեկ հաստատակամ կանգնած փորձում է բացահայտել մեր և աշխարհի բարդ հարաբերության առեղծվածը: Այդ ճանապարհին գրողն ու իր հերոսները բախվում են պատերազմի և խաղաղության հավերժական հակադրությանը՝ մարդկային հարաբերությունների ու հոգեբանության նրբին վերլուծությամբ փորձելով ճեղքել փակուղին:

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն. Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով»

Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։

Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։

Բայց արդյոք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին՝ նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում…

Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։

Գիրքը հրատարակել է «ԴաՎինչի» հրատարակչությունը:

Թարգմանիչ՝ Զարուհի Անտոնյան, խմբագիր՝ Սոֆյա Առուշանյան:

Մանկապատանեկան գրականություն. Կատարինա Մացուրովա, «Արջուկն ու մեծ ջրհեղեղը»

Արջուկը շատ է սիրում խնձոր ու այգին ջրելիս երազում է խնձորով կարկանդակ ուտելու մասին։ Մի օր, մտքերով տարված, նա մոռանում է փակել այգու ջրի ծորակն ու առավոտյան իր այգում իսկական ծով է հայտնաբերում՝ իսկական ծովային կենդանիներով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Երբ ջուրը դադարում է խողովակից հոսելուց, ծովն անհետանում է, ու այգին վերածվում է ջունգլիի։

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն. Սեբաստիան Հաֆներ, «Մի գերմանացու պատմություն»

Հաֆներն իր հուշագրությունում պատկերում է գերմանացիների կյանքը նացիզմի վերելքի շրջանում և երկու համաշխարհային պատերազմների ընթացքում: 1907-1933 թվականների իրողություններին անդրադառնում է որպես ականատես։ Նա կերտում է իր երկրի դարակազմիկ դիմանկարը, որը մշտապես փոխվում էր՝ Հիտլերի երիտասարդական շարժումից մինչև նացիստական իշխանափոխություն: Այս խորապես անձնական պատմությունը ցույց է տալիս, թե արագ դեգրադացվող հասարակարգն ինչպես է իր մամլիչի տակ ճզմում միջին վիճակագրական գերմանացուն։

Հեղինակը նկարագրում է օր օրի կարծրացող ու դաժանացող հանրային վերաբերմունքը, նախապաշարմունքն ու քաղաքականությունը։

Թարգմանիչ՝ Մարիամ Գուրզադյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին