ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարծել, ըստ որի՝ Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:
«Ս.թ. ապրիլի 11-ին ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբր Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: