Հասարակական

Դպրոցներում ահաբեկչության մասին տեղեկատվությունը կեղծ է, իրավապահները տիրապետում են իրավիճակին. ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

Դպրոցներում ահաբեկչության մասին տեղեկատվությունը կեղծ է, իրավապահները տիրապետում են իրավիճակին. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տելեգրամյան ալիքներում տարածվող լուրերը Երևանի դպրոցներում իբր ահաբեկչության նախապատրաստման մասին կեղծ են դպրոցներում տարհանման կարիք չկա, իրավապահները տիրապետում են իրավիճակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Մենք վերջին շրջանում պարբերաբար տեսնում ենք, որ նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում: Կարծում եմ, որ ծնողներն ու մեր դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն: Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է: «Տելեգրամ»-ի ալիքներում տարածվող կեղծ տեղեկատվությունն իրավապահների կողմից ուսումնասիրվում է»,-ասաց նախարարը:

Իրավիճակն այդ մասով գտնվում է շատ լուրջ ուսումնասիրության և ուշադրության ներքո: Նախարարն այդ առումով անհանգստանալու որևէ առիթ չի տեսնում: Նա հավելեց՝ մեդիա դաշտի փորձագետները տարածել են պարզ կանոններ, թե ինչպես կարելի է համոզվել տարածվող տեղեկատվության կեղծ լինելու հարցում, օրինակ՝ տարածվող լուսանկարները կրկնում են մի քանի ամիս առաջ այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվությունը:

«Հիբրիդային պատերազմը մեզնից հեռու իրականություն չէ, մեր իրականությունն է»,-նշեց Անդրեասյանը՝ կարևորելով մեդիագրագիտությունը:

Նա վստահեցրեց՝ դպրոցներում տարհանման կարիք չկա: Ծնողներն այդ տեղեկատվությունը կարդալով՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, ունեցել են անհանգստություն: «Սակայն ուսումնական պրոցեսն առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է, կապի մեջ ենք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ, դպրոցների հետ: Կարծում եմ՝ այդ իմաստով անհանգստանալու որևէ բան չկա»,–ասաց նախարարը:

Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցները հանդիսանում են հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, միշտ իրավապահների ուշադրության կենտրոնում են: Ըստ նախարարի՝ իրավապահներն իրավիճակին ամբողջությամբ տիրապետում են, եթե որևէ լրացուցիչ քայլի կարիք կլինի, պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն:

«Ակնհայտ է, որ տարածվող տեղեկատվությունը պարզապես կեղծ տեղեկատվություն է, այս պահին անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում»,–ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ իրավապահներն օրվա ընթացքում ավելի հստակ տեղեկատվություն կփոխանցեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում