Հասարակական

Վրաստանի արդարադատության նախարարն արդյունավետ համարեց հայ-վրացական իրավական համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի արդարադատության նախարարն արդյունավետ համարեց հայ-վրացական իրավական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն արդյունավետ է գնահատում հայ-վրացական իրավական համագործակցությունը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ռատի Բրեգաձեն ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ համատեղ ասուլիսին։

«Ես կասեմ հետևյալը՝ մեզ համար սա բարիդրացիականության հիմքով, ինտենսիվ ելքի և փորձի վրա կենտրոնացած, գիտելիքի փոխանակման հարաբերություն է, որը շատ արդյունավետ է։ Այս հարաբերություններում գերկարևոր է անձնական ընկերությունը, և ես վստահ եմ, որ նման ցանկացած նախագիծ հաջողակ է լինելու ու օգուտ է բերելու մեր ժողովուրդներին, երկրներին»,-նշեց Վրաստանի արդարադատության նախարարը։

Անդրադառնալով Երևանում մեկնարկած հայ-վրացական 5-րդ իրավական ֆորումին, Բրեգաձեն համոզմունք հայտնեց, որ այն հաջողության պատմություն և արդեն հաստատված ավանդույթ է։

Նրա խոսքով՝ ֆորումին մասնակցում է Հայաստանի և Վրաստանի տարբեր իրավական գերատեսչություններ ընդգրկող իրավաբանների բավականին մեծ խումբ, որը նոր հաջողությունների արձանագրմամբ կնպաստի երկու երկրների հարաբերություններին։

«Ցանկացած պետությունների հարաբերություններում շատ կարևոր է հաստատուն իրավական ավանդույթ ունենալը։ Ես վստահ եմ, որ նմանատիպ ֆորումների շնորհիվ արդարադատության նախարարությունների և ընդհանուր առմամբ արդարադատության ոլորտում համագործակցության հիմքն էլ ավելի կամրապնդվի և մեր մեջ առկա ռազմավարական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհասնեն»,-ասաց Բերգաձեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում