Հասարակական

ԲՏԱ նախարարը չի բացառում ռուսական հեռուստաալիքներին առնչվող համաձայնագրի միակողմանի խզումը

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարը չի բացառում ռուսական հեռուստաալիքներին առնչվող համաձայնագրի միակողմանի խզումը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը Մոսկվայում խորհրդակցություն է անցկացրել ՌԴ թվայինզարգացման,կապի ևզանգվածային հաղորդակցության նախարարության ներկայացուցիչների հետ Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այդ խոհրդակցությունները կայացել են, և ցավով պետք է արձանագրեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը։ Համենայնդեպս, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, որի հետևանքն էր Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի կողմից երկու հաղորդումների եթերազրկումը»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը չի նշանակում, որ այդ հարցի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։

«Մենք առաջիկայում, եթե ոչ այս շաբաթ, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթը ուղարկել ռուս գործընկերներին առ այն, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները»,-նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ այս հարցում շատ կառուցողական են տրամադրված և նպատակն է ոչ թե իրավիճակի սրումը, այլ ընդհակառակը՝ ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի։

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի նպատակն է վերախմբագրել համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ռուսական հեռուստաալիքների հաղորդումներում խախտումներ հայտնաբերելու պարագայում կիրառել վարչական վարույթ և պատժամիջոցներ։

«Մենք հավատով ենք մոտենում այս գործընթացին և հույս ունենք, որ միջկառավարական համաձայնագրի վերախմբագրման վերաբերյալ մեր առաջարկները կընդունվեն։ Եթե դրանք չընդունվեն, ապա չեմ բացառում հավանականություն, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,-եզրափակեց Հայրապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում