Հասարակական

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուրը հաստատեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից, նշելով, որ հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում:

«Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի ընթացքում մարդասիրական, բարեգործական ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:

Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:

Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարևոր է համարվում նաև այն, որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,-նշեցին գրասենյակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում