Հասարակական

ՀՀ ՊՆ-ն հերքում է պետական սահմանին զորքերի կուտակումների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հերքում է պետական սահմանին զորքերի կուտակումների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին զորքերի կուտակումների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նա գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում»:

Նա ընդգծել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

«Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-շեշտել է Թորոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում