Հասարակական

Հայաստանում Կաթողիկե եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ Հարության տոնը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում Կաթողիկե եկեղեցու հետևորդները  նշում են Սուրբ Հարության տոնը

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետևորդները ևս այսօր նշում են Սուրբ Հարության տոնը: Մատուցվում է Սուրբ պատարագ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին ձեռամբ Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Աթոռանիստ Եկեղեցու ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի, սուրբ պատարագ մատուցվեց առաջնորդանիստ եկեղեցում։

«Սա հույսի ու լույսի տոն է։ Քրիստոսի Հարության ողջույնը փոխանցելով՝ հաստատում ենք մեր հավատքը։ Քրիստոսի մեջ մենք տեսնում ենք ինքներս մեզ, շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ: Մեր ընտանիքներում խնամենք ու վառ պահենք հավատքի լույսը, միմյանց հանդեպ՝ հոգածությունն ու զորակցությունը, սերն ու միասնությունը։ Ապրենք այնպես, որ Քրիստոսի թափած արյունը ապարդյուն չլինի, ապրենք Քրստոսը մեր մեջ»,- իր խոսքում նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը՝ բոլորին Հարության ավետիսը տալով:

Տարիներ շարունակ կաթողիկե համայնքների բնակիչները, հետևելով իրենց եկեղեցու ծեսերին ու օրենքներին, հաճախել ևհաճախում են իրենց համայնքներում գործող կաթողիկե եկեղեցիներ՝ հավատարիմ իրենց եկեղեցուն․ մինչ Քրիստոսի Հարության տոնին մասնակցելը, կանայք, այնպես ինչպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, զատկական պատրաստություններ են տեսնում՝ բրնձով չամիչով փլավ, կարմիր ներկած ձու, ձուկ պատրաստելով: Կաթոլիկ համայնքներում պահպանվել է նաև Զատկին նախորդող երեկոյան զամբյուղներով կամ դույլերով տնետուն շրջելու, դռները թակելու և գաղտնի այդ զամբյուղները դռների առաջ դնելու արարողությունը։ Մարդիկ էլ հավկիթներ և քաղցրավենիք են դնում զամբյուղների մեջ։ Երեխաներն օրվա ավարտին հավաքում են «ընծաները» և ուտում միասին։

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ:

Մարզում կաթողիկե բնակչություն ունեցող համայնքներ են Մեծ Սեպասարը, Ղազանչին, Բավրան, Արևիկը, Փանիկը, Ձիթհանքովը, Ազատանը, Լանջիկը և այլն: Կաթողիկե հետևորդներ ունի նաև Գյումրին: Գյումրիում կան նաև մարդիկ, ովքեր հաճախում են թե՛ կաթողիկե, թե՛ առաքելական եկեղեցի:

Արմեհուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում