Հասարակական

ԵՊՀ նորաբաց վրացագիտության կենտրոնն առաջիկա տարիներին կդառնա հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման կարևոր կենտրոններից մեկը

7 րոպեի ընթերցում

ԵՊՀ նորաբաց վրացագիտության կենտրոնն առաջիկա տարիներին կդառնա հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման կարևոր կենտրոններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ Վրացագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գեորգի Ամիլախվարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ասաց, որ Վրացագիտության կենտրոնն առաջիկա տարիներին կդառնա հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և գիտական-ակադեմիական կապերի նորովի զարգացման ու զարթոնքի կենտրոններից մեկը։

«Պատմաբանների և ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններով հետաքրքրվող անձանց համար գաղտնիք չէ, որ հայագիտությունը և վրացագիտությունը, որպես քույր գիտակարգեր, դրել են դասական կովկասագիտության հիմքերը։ Այսօր ԵՊՀ-ում Վրացագիտության կենտրոն բացելով՝ մենք առաջին հերթին հարգանքի տուրք ենք մատուցում հայագիտության և վրացագիտության բոլոր դասականներին, ովքեր իրենց աշխատությունների, ջանքերի և նվիրումի շնորհիվ հայագիտությունը և վրացագիտությունը բարձրացրել են նոր, համաշխարհային գիտության լավագույն դասական պահանջներին համապատասխանող մակարդակի։ Սա նաև յուրօրինակ էստաֆետ է, որ այսօր գիտության նվիրյալները փոխանցում են մեր երիտասարդներին, պատմության ֆակուլտետի կովկասագիտության կրթական ծրագրի ուսանողներին, վրացերեն սովորող ուսանողներին, ուստի կենտրոնի բացումը շատ մոտ ապագայում պետք է ծառայի ՀՀ-ում կայացած, մրցունակ վրացագետներ ունենալուն, և հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը նոր մակարդակի վրա բարձրացնելով, նաև տարածաշրջանային խաղաղության և զարգացումների օրինակ դարձնելուն»,- ասաց Գաբրիելյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլախվարիի հետ հանդիպման ժամանակ երկար զրուցել են հայ-վրացական հարաբերությունների, հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության մասին՝ քննարկելով նաև հնարավոր բոլոր կրթական հնարավորությունները, որոնք այսօր ընձեռում է բարձրագույն կրթության ոլորտը՝ տարբեր գիտակրթական ծրագրեր իրականացնելու առումով։

«Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան համալսարանում երկար տարիներ գործում է Հայագիտության կենտրոնը, որը բավականին մեծ թվով հայագետներ է պատրաստել։ Հույս ունենք, որ երկու մայր համալսարանների փոխգործակցությունը նոր ծրագրերի ու գաղափարների ծնունդ կտա, ինչը ևս մեկ աստիճանով կբարձրացնի վրացագիտության մակարդակը Հայաստանում ու ԵՊՀ-ում»,- ասաց Հովհաննիսյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում, որի կազմում էր նաև ԵՊՀ ռեկտորը։ Վրաստանում տեղի ունեցան կարևոր հանդիպումներ և ստորագրվեցին համագործակցության հուշագրեր, որոնք ավելի կամրապնդեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունները։ Այցի ընթացքում առանձնապես շեշտվեց երկկողմ փոփխգործակցության շրջանակում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների ընդլայնման և զարգացման կարևորությունը։

«Ի ապացույց ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի է ունենում Վրացագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը վստահաբար նպաստելու է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը։ Կենտրոնի ստեղծումը կարևոր է նաև Հայաստանում բարեկամ Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետներ պատրաստելու տեսանկյունից, ինչն իր հերթին էապես կնպաստի տարածաշրջանի մասին երկկողմ և համատեղ ընկալումների խորացմանն ու ընդլայնմանը և, վերջին, հաշվով, մեր տարածաշրջանում այդքան սպասված խաղաղության հաստատմանը։ Սա ՀՀ կառավարության շարունակական քաղաքականությունն է՝ խորացնել տարածաշրջանի իմացությունը, այդ թվում՝ լեզուների ուսուցման միջոցով։ Այդ քաղաքականության շրջանակում նաև սկսել ենք հայաստանյան դպրոցներում վրացերենի ուսուցման ծրագրերը, և այդ հարցն արդեն քննարկել եմ իմ գործընկերոջ հետ»,- ասաց Անդրեասյանը։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գեորգի Ամիլախվարին նշեց, որ տվյալ նախաձեռնությունը վրացագիտության զարգացման առումով առաջանցիկ քայլ է։

«Մեր երկրներն ունեն բարիդրացիական բազմադարյա պատմություն, ինչը համագործակցության զարգացման և խորացման հաստատուն հիմք է։ Ընթացիկ տարում մենք դարձանք ռազմավարական գործընկերներ, ինչը վառ ապացույցն է այն իրողության, որ մենք մեծ կարևորություն ենք տալիս երկու երկրների միջև արդեն առկա եզակի հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը։ Պետք է նշեմ նաև երեկվա շատ կարևոր ու բովանդակալից հանդիպումը վարչապետների միջև։ Հաստատված համաձայնագրերի շնորհիվ առաջիկայում մեզ սպասում է ավելի սերտ համագործակցություն։ Մեզ համար առաջնային է հայկական և վրացական համալսարանների սերտ համագործակցությունը, և մենք միշտ աջակցել ենք այդ հարցում։ Ինչպես Հայաստանի համար հայագիտության, այնպես էլ Վրաստանի համար վրացագիտության զարգացումն ունի շատ կարևոր նշանակություն, ուստի այս կենտրոնի բացմամբ մենք արդեն առկա մեր բազմադարյա հարաբերությունները բարձրացնելու ենք ավելի բարձր մակարդակի։ Մեր ընդհանուր պատմական անցյալը հաշվի առնելով՝ շատ կարևոր է վրացագիտական ու հայագիտական շրջանակների համատեղ աշխատանքը»,- ասաց Ամիլախվարին։

Վրաց նախարարը հավելեց, որ Թբիլիսիի պետական համալսարանում բարեհաջող աշխատում է Հայագիտության կենտրոնը՝ իրականացնելով բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ։ Շահագրգիռ կողմերի միջև իրականացվել է աշխույժ աշխատանք այս օրն իրականություն դարձնելու համար։ Ամիլախվարին հույս հայտնեց, որ ԵՊՀ Վրացագիտության կենտրոնը կդառնա ամուր աղյուս երկու երկրների միջև դարավոր ընկերության հետագա ամրապնդման գործում։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում