Տնտեսություն

Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. վարչապետը՝ Fly Arna-ի մասին

3 րոպեի ընթերցում

Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. վարչապետը՝ Fly Arna-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիափոխադրողի՝ Fly Arna-ի ծրագիրը ձախողվել է, այն շարունակելու մասին մտածելու լավատեսական հիմք չկա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին:

«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է: Բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որը այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի համավարակի շրջանն էր: Բյուջետային ավիաընկերությունները, որոնց հետ ունեինք պայմանավորվածություն, կորոնավիրուսի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի ՀՀ: Եվ մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում՝ ըստ էության ընկերության կառավարումը վստահելով արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Բայց հետագայում շուկայում իրավիճակը որոշակի փոփոխություն է կրել, շուկայում, այդ թվում հայաստանյան շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորը կարիք տեսավ փարատելու բոլոր կասկածները, որ այդ ձախողումը վատ կառավարման կամ միտումնավոր վատ կառավարման ու անփութության հետևանք չէ:

Վարչապետն ասաց, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել, եթե կարիք լինի, կտրվի քրեաիրավական գնահատական:

Պատգամավորր հարցին` թեման փակվա՞ծ է, թե՞ կառավարությունն ինչ-որ բան կանի Fly Arna-ի հետ կապված՝ Փաշինյանը պատասխանեց. «Մենք, ցավոք, այդ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական ոչ մի հիմք չունենք»:

Վարչապետը հիշեցրեց, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել քաղաքացիական ավիացիայի հետ կապված, մասնավորապես ԵՄ ավիացիոն սև ցուցակում հայտնվելը: Նա վստահեցրեց՝ որոշակի հետևություններ ու գործողություններ արվում են: Քայլեր են արվում, որ կոմիտեն կարողանա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում, հույս կա, որ Հայաստանը շատ շուտով դուրս կգա ԵՄ ավիացիոն սև ցուցակից:

Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հայտնել էր, որ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է: Ըստ օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է: Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում