Տնտեսություն

Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է

2 րոպեի ընթերցում

Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, այն կուղղվի մասնավոր հատվածին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

«Խոսքը Հայաստանին 12 մլն եվրո արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ տրամադրելու մասին է: Նախաձեռնությունը վերաբերում է մասնավոր հատվածին, տրվող գումարները հոսելու են մասնավոր հատված՝ ներդրումներ կատարելու վերականգնվող էներգետիկայի մի քանի ոլորտներում: Նրանք կարող են լինել իրավաբանական անձինք, որոնք կկառուցեն արևային կայաններ և ֆիզիկական անձինք, որոնք կկառուցեն փոքր ինքնավար կայաններ՝ իրենց կարիքները հոգալու համար»,-ասաց փոխնախարարը:

Գերմանիան վարկը տրամադրում է ոչ թե շուկայական, այլ արտոնյալ պայմաններով: Խոսքը 0.9 տոկոսային կետ ֆիքսված վարկային պարտավորության մասին է՝ մինչև 2030 թվական մարման ժամկետով:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գումարները բաշխվելու: Փոխնախարարը հայտնեց, որ «Գերմանահայկական հիմնադրամը», որը գործում է Կենտրոնական բանկի ներքո, կատարելու է տեղաբաշխման գործառույթը՝ կոմերցիոն բանկերի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում