Տնտեսություն

ԱԶԲ-ն 66,1 մլն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ-ին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

3 րոպեի ընթերցում

ԱԶԲ-ն 66,1 մլն եվրոյի վարկ կտրամադրի ՀՀ-ին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1 միլիոն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նշեց, որ վարկային ծրագիրը սկսվել է 2015 թվականից՝ 107 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, որից 88.5 մլն դոլարը վարկային միջոցներ են, իսկ 18.5 մլն դոլարը՝ պետական համաֆինանսավորումն է: «Ծրագրի առանցքային ցուցանիշն առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումն է և շուրջ 22 հազար 500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը», -նշեց Տերտերյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախատեսված է նաեւ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում,այն արդեն իրացվել է, և ներկայում ՀՀ նորմատիվային բազան համապատասխանում է 9 միավորին. բոլոր նոր շինարարություններն իրականացվում են այդ նորմատիվային բազայի հիման վրա:

Տերտերյանի խոսքով՝ նախատեսվում են նաև սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, շինարարության բնագավառում աշխատող՝ առնվազն 100 մասնագետի վերապատրաստում և այլ գործառույթներ:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց: Ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնք շահագործման կհանձնվեն մինչեւ 2026 թվականը:

«10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են. վերջնաժամկետը 2027 թվականն է»,- հավելեց նա՝ նշելով, որ 2024 թվականի ընթացքում նախատեսվել է շահագործման հանձնել ևս 7 դպրոց:

Տերտերյանի խոսքով՝ բոլոր դպրոցները կկահավորվեն բացառապես նոր, ժամանակակից գույքով և լաբորատորիաներով:

«Արդյունքում՝ 46 դպրոցների կառուցման ծրագիրն ավարտական փուլին հասցնելու համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,1 մլն եվրոյի չափով»,- եզրափակեց Տերտերյանը։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրենքների նախագծին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում