Կոնդը կվերակառուցվի՝ դառնալով ավելի հարմարավետ տուրիստական գոտի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոնդ թաղամասն ամբողջությամբ կօտարվի. այն կվերափոխվի, կվերակառուցվի՝ դառնալով էլ ավելի հարմարավետ տուրիստական գոտի, միևնույն ժամանակ կպահպանվի Կոնդի պատմությունն ու կոլորիտը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-իտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն՝ ընդգծելով, որ Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագրի իրագործման նպատակով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից հայտարարված երկփուլանի մրցույթի առաջին փուլն ավարտված է. այն արդեն ամփոփվել է՝ կա 7 առաջարկ։

Հարությունյանը նշեց, որ առաջիկայում ծրագրի երկրորդ փուլը նույնպես կհայտարարվի, որից հետո ընտրված 7 առաջարկները կքննարկվեն, դրանցից կառանձնացվեն առավել համապատասխանները։

«Կոնդ թաղամասի նոր հայեցակարգի վերջնական ընտրությունից հետո, բնականաբար, բնակիչները կիրազեկվեն, կլինեն քննարկումներ, հաշվի կառնվեն նաև բնակիչների և հանրության կարծիքը։

Իսկ մինչ այդ բնակիչները սեփականաշնորհման գործընթացը պատշաճ իրականացնելու հնարավորություն ունեն։ Իրավական գործընթացները կօգնեն վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց կամ բաց մնացած բոլոր խնդիրները»,-ասաց Հարությունյանը։

Ըստ ճարտարապետաշինարարական վարչության տվյալների՝ այս պահին շենք-շինությունների օրինականացման խնդիր ունեցող մոտ 250 դիմում կա: Դիմումների ներկայացման վերջնաժամկետ դեռևս չկա:

Որքանո՞վ են կոնդեցիները իրազեկված և ի՞նչ ակնկալիքներ ունեն սպասվող փոփոխություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն Español