ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի Վալենսիա քաղաքում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը ցավակցական գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցած մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- մասնավորապես նշել է ՀՀ արտգործնախարարը:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերից մեկում փետրվարի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել, որը հրշեջներին հաջողվել է մարել հաջորդ օրն առավոտյան:
Հրդեհը բռնկվել է 14-հարկանի շենքում, որն ուներ մոտ 450 բնակիչ, այնուհետև տարածվել է հարևան շենքում։
Ուժգին քամիները նպաստել են կրակի տարածմանը, սակայն տարբեր ԶԼՄ-ներ նշում են, որ հրդեհի արագ տարածման պատճառը շենքի երեսպատման համար օգտագործված դյուրավառ նյութերն են։
«Ռոյթերս»- փոխանցմամբ՝ ըստ տեղի ոստիկանության տվյալների, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: