ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փետրվարի 19-23-ը Դուբայի World Trade Centre-ում մասնակցում է Gulfood 2024 սննդի և խմիչքի ամենամեծ միջազգային ցուցահանդեսին։ Հեղինակավոր միջոցառմանն այս տարի ներկայացված է շուրջ 5500 ընկերություն՝ շուրջ 130 երկրից։
«Երեմյան Փրոջեքթս»-ի տաղավարում ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու Ընկերության պատմությանը, իրականացված ծրագրերին, ինչպես նաև «Երեմյան Փրոդաքթսի» ապրանքատեսականուն։
«Երեմյան Փրոդաքթս» կաթնամթերքի՝ լայն և հայ սպառողի կողմից արդեն մեծ պահանջարկ վայելող բարձրորակ արտադրանքը ներկայացված է լինելու Հայաստանի ընդհանուր տաղավարում, որտեղ միջազգային այցելուները հնարավորություն կունենան համտեսելու այն, ծանոթանալու «Երեմյան Փրոջեքթսի»՝ կաթի սպառման նոր մշակույթ ձևավորելու տեսլականին, «Սերմից՝ սեղան» հայեցակարգի և փակ ցիկլի առավելություններին, Հայաստանում նոր ֆերմերային տնտեսության զարգացմանն ու որակյալ կաթի արտադրությանն ուղղված մոտեցումներին ու ծրագրերին։
Gulfood-ը ոլորտի առաջատարներին և փորձագետներին համախմբող հարթակ է, որը հնարավորություն է տալիս հայ գործարարներին և արտադրողներին ներկայացնել իրենց պատմությունը, մշակութային հարուստ ժառանգությունը, հայկական խոհանոցը և յուրահատուկ արտադրանքը։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ով ևս մասնակցում է ցուցահանդեսին, նշում է՝ հայկական արտադրանքը, մասնավորապես՝ որակի բարձր չափանիշներին համապատասխանող կաթնամթերքն ունի բոլոր նախապայմանները միջազգային շուկա մուտք գործելու համար.
«Հայկական արտադրությունն ու դրա պատմությունը երկրի սահմաններից դուրս ներկայացնելը մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Մենք այսօր ամբողջ աշխարհի խոշորագույն արտադրողների ու բիզնեսների կողքին, հազարավոր այցելուների ու հայտնի ընկերությունների ղեկավարներին ներկայացնում ենք մեր բարձրորակ արտադրանքը, կիսվում ենք մեր հաջողության պատմությամբ և Հայաստանը ներկայացնում որպես երկիր, որը համաշխարհային բիզնես և արտադրության մոդելների կիրառման հաջողված փորձ ունի։ Gulfood ցուցահանդեսը լավ առիթ է նոր գործընկերային հարաբերությունների հաստատման, փորձի փոխանակման և, իհարկե, հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման համար»։
Ցուցահանդեսին ակնկալվում է 100.000 առևտրային ներկայացուցիչների այցելություն: Gulfood 2024-ի շրջանակում նախատեսվում են բիզնես հանդիպումներ, սեմինարներ և պանելային քննարկումներ։