Հասարակական

Կառավարությունը մեկ տարով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը մեկ տարով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից ստացվել և միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է 412 շահառուի հայտ, և դրանք բաշխված են ըստ մարզերի հետևյալ կերպ․ Տավուշի մարզում՝ 239 հայտ, Սյունիքի մարզում՝ 54 հայտ, Արարատի մարզում՝ 50 հայտ, Վայոց Ձորի մարզում՝ 47 հայտ, Գեղարքունիքի մարզում՝ 22 հայտ։ Հաստատված հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ ծրագրի շրջանակներում մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 միլիարդ դրամի վարկ։

Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 տոկոս տոկոսադրույքի չափով մարման համար։

Ծրագրին կարող են դիմել Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում