Հասարակական

Ամուր բնավորություն և ծով համբերություն. կին պարեկը՝ մասնագիտական գաղտնիքների մասին

3 րոպեի ընթերցում

Ամուր բնավորություն և ծով համբերություն. կին պարեկը՝ մասնագիտական գաղտնիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանայք, համալրելով ոստիկանների շարքերը՝ վաղուց արդեն կոտրել են այն կարծրատիպը, որ այդ կառույցում աշխատելը կնոջ համար չէ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության մայոր Արմինե Հարությունյանը պատմեց, որ համակարգում է 2009 թվականից՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

«Վերջինը եղել է ՆԳՆ կրթահամալիրի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի տեսուչի պաշտոնը, այնուհետև որոշեցի մի փոքր փոխել բնագավառը և ընտրեցի պարեկային ծառայությունը: Արդեն երեք ամիս է՝ որպես պարեկ, ծառայում եմ Արմավիրի մարզում: Առավոտյան 07։00-ից ստանում ենք հրահանգավորում ու անցնում աշխատանքի»,- ասաց ոստիկանության մայորը:

Հարությունյանը նշեց՝ նոր աշխատանքի ընտրության հետ ընտանիքի անդամները դժվարությամբ են հարմարվել, քանի որ նախորդ ծառայության վայրում աշխատանքն ավարտվել է ժամը 18։00-ին, իսկ այժմ իր ծառայությունը տևում է 12 ժամ՝ առավոտյան 08։00-20։00, իսկ մյուս օրը՝ երեկոյան ժամը 20։00-08։00:

«Գիշերը տանը չլինելու հանգամանքի հետ ընտանիքս դժվարությամբ հարմարվեց, բայց՝ ընտելացավ: Աշխատանքի ընթացքում դժվարություններ լինում են, քանի որ մեր քաղաքացիները դեռևս չեն կարողանում ընկալել այն փաստը, որ իրենց հետ կարող է շփման մեջ մտնել կին ծառայող և վարչական արձանագրություն կազմել հենց կինը: Կան մարդիկ, որ այդ հանգամանքից նեղվում են։ Սակայն, ունենք նաև քաղաքացիներ, ովքեր շատ ուրախ են, որ իրենց հետ շփվում են կանայք: Դա հաճախ նաև սաստող բնույթ ունի․ երբ տեսնում են, որ կարգախմբում կա կին, ավելի են զգաստանում»,- ասաց նա:

Մտաբերելով ծառայության ընթացքում տեղի ունեցած զավեշտալի դեպքերն՝ Արմինեն հիշեց ծառայության առաջին օրը, երբ դեռ ծանոթ չեն եղել տեղանքին և կորել են քաղաքում:

Ըստ նրա՝ մասնագիտության մեջ սխալներ թույլ չտալու համար կարևոր հանգամանքներից է ճիշտ կողմնորոշվելը։ Ընդգծեց՝ պետք է մի քիչ էլ ամուր բնավորություն ունենալ:

«Ծառայությամ մեջ կարևոր է նաև համբերատարությունը։ Քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինել զուսպ, որպեսզի իրենք քեզ ճիշտ հասկանան, մենք էլ իրենց հետ կարողանանք ճիշտ վարչարարություն իրականացնել»,- եզրափակեց մայորը:

Լրագրող՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում