Տնտեսություն

ԱՌՖԻ-ն պատրաստ է ընդունել ներդրումներ. ընկերության հարթակում տեղ են գտել առաջին երկու բիզնես նախագծերը

3 րոպեի ընթերցում

ԱՌՖԻ-ն պատրաստ է  ընդունել ներդրումներ. ընկերության հարթակում տեղ են գտել առաջին երկու բիզնես նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն, արդեն պատրաստ է ընդունել ներդրումներ. ընկերության հարթակում տեղ են գտել առաջին երկու բիզնես նախագծերը, որոնցով հետաքրքրվածները կարող են կատարել իրենց ներդրումները։ Բիզնես նախագծերի ցանկը գնալով ընդլայնվում է:

ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն էդգար Էվոյանի խոսքով՝ հարթակն էլեկտրոնային միջավայրում ներդրումներ ներգրավելու գործիք է, որն այժմ լայն հնարավորություն է ստեղծել լոկալ բիզնեսներին ֆինանսավորում գտնելու համար։ Պոտենցիալ ունեցող հայկական նախագծերում մասնակցություն կարող են ունենալ ներդրողներ ամբողջ աշխարհից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էվոյանն ընդգծեց, որ արդեն ստացել են մեծաքանակ հայտեր հարթակում ընդգրկվել ցանկացող ընկերություններից: Դրան զուգահեռ ԱՌՖԻ-ի թիմն աշխատում է պոտենցիալ ներդրողների շրջանակը ընդլայնելու համար։

«Մենք այժմ աշխատում ենք ճիշտ թիրախները ընտրելու ուղղությամբ: Այժմ նաև հավաքում ենք կարծիքներ, թե ինչ դժվարություններ կան կայքից օգտվելու առումով և, դրանից ելնելով, ամեն ինչ անում ենք, որպեսզի հաղթահարենք եղած տեխնիկական խնդիրները»,- ասաց Էվոյանը:

Հարթակում արդեն իսկ ընդգրկված ընկերություններից մեկը հեռահաղորդակցության ոլորտի նորարար ապրանքների մատակարար «Պլանետ Ֆայբեր»-ն է։ Ընկերությունը համարում է, որ ԱՌՖԻ հարթակը ընդլայնվելու և զարգանալու լավ հնարավորություններ ունի:

Ընկերության տնօրեն Արմեն Հայրապետյանի խոսքով՝ հարթակը նաև մեծ լսարան ձեռք բերելու հնարավորություն կտա:

Հարթակում ներգրավված լոգիստիկ ընկերություններից մեկը՝ «Բարեկամ»-ը, շուկայում է արդեն ավելի քան 7 տարի:

«Ամբողջ աշխարհում մեր ծառայությունների պահանջարկի մեծացման արդյունքում որոշեցինք դիմել ԱՌՖԻ-ին, որպեսզի կարողանաք ընդլայնվել և ավելի որակյալ ծառայություններ մատուցել»,- նշեց «Բարեկամ» լոգիստիկ ընկերություն հիմնադիր Նարեկ Մկրտչյանը:

Ընկերությունների ներկայացուցիչներն ընդգծեցին՝ սա նաև լավ հնարավորություն է թեկուզ փոքր ներդրում անելով՝ դառնալ սիրելի բիզնեսի մի մասը:

Գայանե Գաբոյան

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում