Հասարակական

ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը Ավինյանին անվստահություն հայտնելու կամ նրա հրաժարականը պահանջելու հարց չի քննարկվել

2 րոպեի ընթերցում

ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը Ավինյանին անվստահություն հայտնելու կամ նրա հրաժարականը պահանջելու հարց չի քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փակ հանդիպման ժամանակ քննարկվել է մայրաքաղաքին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու կամ նրա հրաժարականը պահանջելու հարց չի քննարկվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ ավելի քան չորս ժամ տևած փակ քննարկումից հետո։

Ավինյանի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև բարեփոխումների մեծ ծրագիր, որը պետք է իրականացնի Երևանի քաղաքապետարանը, և այդ գործում ակնկալվում է նաև ԱԺ իշխող խմբակցության աջակցությունը։

«Մենք ուզում ենք համակարգային փոփոխություններ, հետևաբար պետք է էական ուշադրություն դարձնենք իրավական բոլոր փաստաթղթերին, որոնք մեր բոլորի գործունեության հիմքն են»,- ասել է Ավինյանը։

Հանդիպման ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են այն դժգոհությունները, որոնք ստացել են քաղաքացիներից, սակայն քննարկումն ավելի շատ ընթացել է ինստիտուցիոնալ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Մասնավորապես, հանգամանալից քննարկման առարկա են դարձել հանրային այգիների բարելավմանը, մայթերի վերականգմանը, հանրային տրանսպորտին, կայանատեղիների ռազմավարությանը, քաղաքացիների կենցաղային խնդիրներին և մի շարք այլ պրոբլեմներին վերաբերող հարցերը։

Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին՝ Ավինյանը վստահեցրել է, որ նման հարց չկա և չի քննարկվել ՔՊ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

«Քննարկված հարցերի շրջանակն ամբողջապես փակել է բոլոր այն խնդիրները, որոնք կան Երևան քաղաքում։ Քննարկվել են նաև ապագային վերաբերող հարցերը, որոնք բարձրաձայնվել են քաղաքապետարանի կողմից և որոնց լուծման համար կա նաև Ազգային Ժողովի աջակցության կարիքը»,- ասել է Ավինյանը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում