Հասարակական

Անկախ փորձագետները Տավուշի դպրոցներում ուսումնասիրել են հանրակրթական նոր չափորոշիչի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Անկախ փորձագետները Տավուշի դպրոցներում ուսումնասիրել են հանրակրթական նոր չափորոշիչի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Համաշխարհային բանկի կողմից՝ անկախ փորձագետների միջոցով Տավուշի մարզում իրականացվել է հանրակրթական դպրոցներում ներդրված նոր չափորոշչի արդյունքների երկամյա հետազոտություն, որի նախնական տվյալներն արդեն առկա են և կհրապարակվեն այս տարվա փետրվարին։

Այս մասին«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

«Երկամյա հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Տավուշի մարզի նոր չափորոշչով սովորող երեխաների մոտ 6 ամիս ավելի առաջընթաց է գրանցվել քան հին չափորոշիչով դասարաններում սովորողների»,-ներկայացրեց Սվաջյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ ուսումնական տարվա ամենամեծ սպասումները կապված են հանրակրթական դպրոցների 3 դասարաններում ներդրված նոր չափորոշիչներով ակնկալվող փոփոխությունների հետ։

Այդուհանդերձ՝ ավելի շոշափելի արդյունքների համար ժամանակ է անհրաժեշտ, առնվազն՝ մեկ ուսումնական տարի։

«Թեև ընթացիկ բոլոր գործընթացների մասով, որոնք պայմանավորված են նոր չափորոշիչների ներդրմամբ, օրինակ՝ գնահատման համակարգի փոփոխության, երկարօրյա ծառայության, նախագծային աշխատանքների իրականացման, պարտադիր խմբակների առկայության, այս բոլոր առումներով ընթացիկ մոնիթորինգներ իրականացվում են»,-մանրամասնեց փոխնախարարը։

Անդրադառնալով միջազգային առարկայական և այլ օլիմպիադաներում 2023-ին արձանագրված հաջողություններին, ԿԳՄՍ փոխնախարարը նախ ակտիվ գնահատեց սովորողների մասնակցությունը դրանց, իսկ գրանցած արդյունքները՝ բավականին լավ։

«Անցած տարվա կարևոր ձեռքբերումներից է, որ առաջին անգամ ունեցանք Քիմիայից ոսկե մեդալ։ Բացի այդ՝ գիտության փառատոնի ժամանակ, երբ ներկայացրել են տարբեր նախագծեր, այս տարի երկու խումբ՝ մեկը Բրյուսելում, մյուսը՝ ԱՄՆ Դալլասում, մասնակցել է նախագծերի ներկայացման միջազգային մրցույթներ և լավ արդյունքներ են գրանցել»,-եզրափակեց փոխնախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում