Քաղաքականություն

Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ի պատասխան Խորվաթիայի հանրային հեռուստատեսության լրագրողի՝ խաղաղությանն ուղղված ջանքերի մասին հարցին:

«Մենք ավելի քան շահագրգռված ենք տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմամբ։ Մենք համոզված ենք, որ սա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև տարածաշրջանի պետությունների համար։

Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույն կերպ չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաև Եվրոպական միության աջակցությամբ, և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։

Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները»,- ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ Հայաստանը ոչ այդքան կարևորում է այն հանգամանքը, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն.

«Այս համատեքստում կցանկանայի կրկին ընդգծել, որ դրանք են տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա, կարծում եմ, պետք է խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի:

Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Խորվաթիայի կամ ԵՄ մասնակցությանը, կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Խորվաթիային և ԵՄ-ին՝ մեր տարածաշրջանում սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման համատեքստում: Արդեն իսկ հիշատակել եմ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, իսկ լրացուցիչ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորվաթիային և ԵՄ անդամ երկրներին 2023թ. սեպտեմբերին ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած փախստականների հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերած աջակցության համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում