Հասարակական

Պետական աջակցության ծրագրով զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 56 երեխա

2 րոպեի ընթերցում

Պետական աջակցության ծրագրով զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 56 երեխա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետական աջակցության՝ անպտղության հաղթահարման ծրագրի մեկնարկից մինչև 2023-ի ավարտը ծնվել է 412 երեխա, որից 56-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ամփոփելով 2023 թվականի կատարած աշխատանքները:

«Անպտղության հաղթահարման ծրագիրը մեզ համար կարևոր և անհրաժեշտ ծրագիր է: Պետությունը տարեցտարի մեծացնում է տրամադրվող ծառայությունների շրջանակը, նաև՝ շահառուների թիվը: 2023-ին փոխվեցին տարիքային շեմերը, այսինքն՝ շահառուների շրջանակն ընդլայնվեց: Զոհված զինծառայողների ծնողների համար պետության կողմից նաև տրամադրվում է փոխնակ մայրության ծառայությունը»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը նկատեց, որ սկզբնական շրջանում քիչ է եղել այս ծառայությունից օգտվել ցանկացող անձանց թիվը: Սակայն հետո այս հնարավորությունը ընկալվել է հայրենակիցների կողմից:

«Մենք նկատում ենք, որ զոհված զինծառայողների ընտանիքներում այդ ուրախության ճիչը, որ հնչում է, նաև ոգևորում է այլ ընտանիքների՝ դառնալու շահառու: Այս ծրագրերի շրջանակներում 2023 թվականի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 28 երեխա»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, 2023-ին ծնվել է 159 երեխա:

Նախարարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններով հանդես գալ և էլ ավելի մեծացնել շահառուների շրջանակը: Հայաստանում կա ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային անպտղության խնդիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում