Հասարակական

Պարզվել է մարտական դիրքում սպայի սպանության շարժառիթը․ ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Պարզվել է մարտական դիրքում սպայի սպանության շարժառիթը․ ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։

Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Ն․Խ․-ն նույն օրը ձերբակալվել է։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում