Հասարակական

Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով ԼՂ-ում զոհվել է 223 անձ, որոնցից 5-ն՝ անչափահաս. Քյարամյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով ԼՂ-ում զոհվել է 223 անձ, որոնցից 5-ն՝ անչափահաս. Քյարամյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով զոհվել է 223 անձ, որոնցից 5-ն անչափահաս են, վիրավորների թիվը 244 է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Քյարամյանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն նախաձեռնել է վարույթ՝ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախահայության բռնի տեղահանման հանգամանքները քննվում են բացառապես այդ շրջանակներում:

«2023 թվականին սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են: Զոհերի թվում կան 5 անչափահասներ»,-ասել է Քննչական կոմիտեի նախագահը:

Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով վիրավորների թիվը 244 է, որոնցից 76-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10-ն անչափահասներ: Անհետ կորածների թիվը 20 է, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են:

Քյարամյանը նաև նշեց, որ արձանագրվել են շուրջ 2 տասնյակ անարգանքի դեպքեր դիակի նկատմամբ:

ԼՂ-ից բռնի տեղահանության ընթացքում ճանապարհին ևս մարդիկ են մահացել, արձանագրվել են մահվան դեպքեր նաև տեղ հասնելուց կարճ ժամանակ անց: «Սա հիմնականում պայմանավորված է այն մեծ հոգեբանական ազդեցությամբ, որին ենթարկվել են մեր հայրենակիցները: Այդ ընթացքում շուրջ 7 տասնյակ քաղաքացիական անձանց շրջանում մահվան դեպքեր են արձանագրվել»,-ասել է Քյարամյանը:

Այս ամենը քննության առարկա է դառնում էթնիկ զտման վերաբերյալ հարուցված քրեական գործով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում