Հասարակական

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գործունեության 45-ամյա հոբելյանի շրջանակում մեկնարկել է միջազգային գիտաժողով

2 րոպեի ընթերցում

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գործունեության 45-ամյա հոբելյանի շրջանակում մեկնարկել է միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը գործունեության 45 տարիների ընթացքում հասցրել է համալրվել վերջին սերնդի բոլոր սարքավորումներով, որակյալ մասնագետներով․ կենտրոնում կիրառվում են վիրահատական նորագույն մեթոդներ:

Կենտրոնը իր հոբելյանը տոնեց միջազգային գիտաժողովի մեկնարկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ գիտաժողովը 4 օրերի ընթացքում կհամախմբի Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսրայելի առաջատար մասնագետներին։ Միջազգային գիտաժողովի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 15-ին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանն ընդգծեց, որ գիտաժողովին գրանցված մասնակիցների թիվը հասնում է մոտ 630-ի:

Ըստ նրա՝ գիտաժողովի 4 օրերի ընթացքում լինելու են 80-ից ավելի գիտական զեկույցներ, իրականացվելու են 4 վիրահատություններ, որոնցից մեկը տարածաշրջանում առաջին անգամ է իրականցվելու։ Նաև տեղի կունենա 4 գրքի շնորհանդես՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կատարած գիտական և կլինիկական աշխատանքների վերաբերյալ և այլն:

«Այս պահին կենտրոնը լիարժեք հագեցած է նոր սարքավորումներով, որը թույլ է տալիս քայլել ժամանակին համահունչ: Մեր կենտրոնը մշտապես շարունակում է առաջատար արտադրողներից ձեռք բերել վերջին սերնդի բոլոր սարքավորումները, որպեսզի կարողանա պատրաստ լինել ցանկացած բարդ վիրահատություն կամ բուժում լիարժեք իրականացնելուն»,- ասաց Հովսեփ Միրոյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով կենտրոնի հոբելյանն, ընդգծեց, որ բուհի համար շատ պատվաբեր է միջազգային գիտաժողովի մի մաս դառնալը:

«Գիտաժողովը կենտրոնին թույլ կտա ամփոփել այն ձեռքբերումները, որոնք այսօր գրանցվում են Հայաստանի առողջապահական ոլորտում, փորձի փոխանակման կարգով նաև քննարկել այն խնդիրները, որոնք դեռևս լուծման փուլում են և լսել մեր գործընկերներին, որոնք ժամանել են տարբեր երկրներից: Շատ կարևոր է, որ այս ամենը, ունենալով գիտական հենք, նաև ունենա ուսուցողական նշանակություն»,-ասաց Մուրադյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում