Վեց հարյուր տարվա դեգերումից հետո Հայաստան վերադարձավ 15-րդ դարի ձեռագիր մատյանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ վեց հարյուր տարվա դեգերումից հետո Հայաստան վերադարձավ 15-րդ դարի մեծարժեք Ավետարանը, որը Մատենադարանին ընծայաբերելու հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց կարևոր իրադարձության առթիվ: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնց վճարած գումարներից է ՀՀ կառավարությունը հնարավորություն ունենում նաև այսպիսի խնդիրներ լուծել: Սա ընդգծում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարկ վճարողները տեսնեն, որ իրենց կատարած վճարումները ծախսվում են նաև նման նպատակների համար»,-նշեց Փաշինյանը:

Նա չի կարծում՝ պետական բյուջեի ծախսերը արդյունավետ հասցրել են կատարյալի, սակայն մատյանի վերադարձը կարևոր արձանագրում է համարում: «Մեր քաղաքականությունը հանգում է նրան, որ բարերարության տրամաբանությունը պետք է փոխարինել օրինապահ հարկ վճարման տրամաբանության, որովհետև ամենամեծ բարերարներն իրենց հարկերը պարտաճանաչ վճարողներն են, որոնք ուժեղացնում են պետությունը, պետական ինստիտուտները, և պետություն էլ իր հերթին հնարավորություն է ստանում ուժեղացնել իր հոգևոր, արժեքային ու մշակութային հիմքերը»,-հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ մեծ միջոցներ են տրամադրում Հայաստանում մշակութային հուշարձանները պահպանելուն, վերականգնելուն, գիտությանը ֆինանսավորելուն, որ այդ հուշարձանների հետազոտումը, պահպանումը, ուսումնասիրությունն ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա դրվի:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ձեռագիր մատյանի ընծայաբերումը մեծագույն տոն է համարում և՛ Մեսրոպ Մաշտոցի անվանհին ձեռագրերիգիտահետազոտական ինստիտուտի, և՛ հայագետների համար:

«Ընդամենը երկու ամիս առաջ հայագիտական միջազգային հարթակներում, ցանցերում հայտնվեց լուր, որ եվրոպական աճուրդում հայտնվել է մի ձեռագիր մատյան, որը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում: Մտածեցինք՝ լավ կլիներ, որ այդ մատյանը հանգրվաներ Մատենադարանում: Կապվել եմ մատյանի սեփականատիրոջ հետ ու խնդրել մեկ շաբաթով այն աճուրդից հանել, հետո կապ եմ հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի հետ: Այսօր ձեռագիրը Մատենադարանում է»,-պատմեց Խզմալյանն ու շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը աջակցության համար:

Ըստ Արա Խզմալյանի՝ ձեռագիր մատյանի վերադարձով մեկնարկում է հավաքչականության պետական քաղաքականությունը, ինչը գնահատելի է, քանի որ միջազգային շուկայում հայերեն ձեռագրերը շատ բարձր արժեք ունեն:

Անդրադառնալով Մատենադարանի ներկայիս գործունեությանը՝ տնօրենն ասաց՝ թևակոխում են բարեփոխումների մի նոր շրջան: «Որքան հին են մեր արժեքները, այնքան նոր պետք է լինեն կառավարման մոդելները, այդ արժեքների հանրայնացման ու միջազգայնացման մեխանիզմները: Մատենադարանի նպատակն է անել հնարավորը, որ այն չընկալվի միայն որպես ազգային խորհրդանիշ, ամեն հայի ենթագիտակցության մեջ ձևավորված արքետիպ, այլ լինի կենդանի ներկայություն, բանականության, գիտելիքի հանդեպ պատկառանքի, աշխարհի առաջ բաց լինելու և բոլոր առաջադիմական փոխակերպումները յուրացնելու կենտրոն»,-շեշտեց Խզմալյանը:

Ձեռագիրը Մատենադարանին հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառումն ուղեկցվեց «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարումներով:

Երեկոյին պաշտոնապես բացվեց նաև «Սուրբ Ծնունդ. մանրանկարչական ներշնչումներ» ցուցահանդեսը, որի համադրող Տաթև Սարոյանը տեղեկացրեց՝ ցուցադրության գլխավոր նպատակն է ներկայացնել Սուրբ Ծնունդը մանրանկարչության մեջ: «Մեր ցուցադրության հիմնական բաղադրիչը մանրանկարչական գլուխգործոցներն են, այն ձեռագրերը, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը: Ներկայացված են նաև արծաթե կազմեր, որոնք պատկերում են տեսարաններ Սուրբ Ծննդից: Սուրբ Ծնունդը ներկայացնում ենք նաև հմայլիների մեջ, որոնք պատրաստվել են մարդուն պաշտպանելու նպատակով»,-ասաց Սարոյանը:

Ցուցահանդեսին այցելելով՝ հետաքրքրասերները կարող են տեսնել նմուշներ Կիլիկիայի, Վասպուրականի մանրանկարչության դպրոցներից, Գանձակից, կան նմուշներ Կոստանդնուպոլսից ու Ղրիմից:

Հայերեն العربية English Français Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում