Տնտեսություն

Եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի, կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց ջուր չենք կարող բերել․ վարչապետը՝ ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի մասին

2 րոպեի ընթերցում

Եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի, կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց ջուր չենք կարող բերել․ վարչապետը՝ ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրմանը, որը ձկնաբույծների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության հաշվետվության քննարկման ժամանակ։

«Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»,- նշել է վարչապետը:

Կառավարությունը նախատեսում է ձկնաբուծարանների գործունեության նոր կարգ ներդնել, որով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ արժանացել է գործադիրի հավանությանը։

Օրինագծերի փաթեթով նախատեսվել է նաև իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար։ Ըստ հիմնավորման՝ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թ.-ի դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ընդհանուր շահագործական պաշարի արժեքները։ Հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում՝ սպառում, աղտոտում, ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում