Տնտեսություն

Դպրոցների շինարարության վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին

3 րոպեի ընթերցում

Դպրոցների շինարարության վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրերում ներգրավված շինարարություն և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են 300 դպրոց կառուցելու ՀՀ կառավարության նպատակի իրագործման շրջանակում կոմիտեին վերապահված ծրագրերի իրականացման ընթացքը, սահմանված ժամկետներում աշխատանքներն ավարտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, անդրադառնալով այն դպրոցներին, որոնց շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտեց, որ վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. «Անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել, ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ, բանվորական ներուժ՝ ծրագրերը բարձր որակով և ժամանակին ավարտելու համար»: Խստագույն պահանջ դրվեց՝ անվերապահորեն ապահովել պայմանագրային պարտավորությունների կատարումը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը հաշվետվությամբ հանդես է եկել կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Դիտարկվել են շինարարական հրապարակներ կատարած շրջայցերի ժամանակ վարչության աշխատակիցների արձանագրած թերությունները, որոնց գերակշիռ մասը շտկվել է սեղմ ժամկետում, մյուսների ուղղությամբ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:

«Կոմիտեի նախագահը լսել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերը, շինարարական գործընթացը խոչընդոտող գործոնների վերաբերյալ մտահոգությունները՝ միաժանամանակ հայտնելով աջակցություն ցուցաբերելու, լուծման ուղիներ համատեղ գտնելու կոմիտեի պատրաստակամությունը:

Կարևորվել է հատկապես տեխնիկական հսկողություն իրականացնողների դերը՝ շինարարության իրականացման պատշաճ որակը վերահսկելու և արագ արձագանքելու առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջում Արմեն Ղուլարյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքները բարեխղճորեն կատարող կազմակերպություններին, արժևորել Քաղաքաշինության կոմիտեի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում