ԵՆԲ խումբը 200 հազար եվրո է նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրելու նպատակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ներդրումային բանկի (EIB) խումբն իր բարեգործական մասնաճյուղի՝ ԵՆԲ ինստիտուտի միջոցով 200 000 եվրո է փոխանցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ նվիրաբերելու 2023 թվականի սեպտեմբերին ռազմական սրացումից հետո Հայաստան տեղահանված Լեռնային Ղարաբաղի երեխաների հոգեկան առողջության և ձմեռային կարիքները հոգալու համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Եվրոպական ներդրումային բանկի տարածած հաղորդագրությունից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ տրամադրված միջոցներով մինչև 26 000 երեխա և նրանց ընտանիքները կստանան օգնություն հոգեբանական աջակցության և հոգեկան առողջության հարցերի համար նախատեսված թեժ գծի միջոցով, կստանան առերես հոգեկան առողջության ու հոգեբանական աջակցություն և վաուչերներ, որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել ձմռանը:

«Սեպտեմբերի վերջին Հայաստանում ապաստան գտավ ավելի քան 100 000 հազար մարդ, ընդ որում տեղահանված բնակչության մեկ երրորդից ավելին կազմում էին երեխաները: Հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական բարեկեցության մշտական միջամտությունները կարևոր նշանակություն ունեն այս ընտանիքների կյանքը վերականգնելու համար:

ԵՆԲ խմբի նվիրատվության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կստեղծի և կգործարկի հոգեբանական թեժ գիծ, որը կսպասարկվի 20 վերապատրաստված խորհրդատուների կողմից երկու տարի ժամկետով: Երեխաները և նրանց խնամողները կարող են ստանալ նաև առերես հոգեբանական աջակցություն՝ խաղային թերապիայի, արտ-թերապիայի և խմբային հանդիպում-խորհրդատվությունների տեսքով: Նվիրատվության շրջանակներում փախստական ընտանիքները կստանան վաուչերներ, որոնք կօգնեն նրանց հոգալ հիմնական կարիքները, քանի որ ձմեռը մոտենում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում գործունեության համար, ասել է.

«Մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանում փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով, որն աշխատում է տեղում՝ բավարարելու նրանց ամենահրատապ կարիքները: Մեր նվիրատվությունը կօգնի կարիքավոր երեխաներին և նրանց ընտանիքներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով ստանալ նպատակային հոգեբանական աջակցություն, ինչպես նաև օգնություն՝ ձմռան կարիքները հոգալու համար»։

ԵՆԲ ինստիտուտի տնօրեն և դեկան Շիվա Դուստդարն էլ նշել է, որ երեխաներն ամենաշատն են տուժել հակամարտությունից և տեղահանությունից:

«ԵՆԲ ինստիտուտի համար առաջնահերթություն է օգնել նրանց ստանալ աջակցություն և խնամք, որն իրենց անհրաժեշտ է հաստատվելու և ավելի պայծառ ապագա ակնկալելու համար: Այս նվիրատվությունը կօգնի ապահովել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հոգեբանական աջակցության արդյունավետ ծրագիրը հասանելի լինի այն երեխաներին և ընտանիքներին, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն»,- ասել է նա:

Հայերեն English Русский

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե