Հասարակական

Ֆիլհարմոնիկը ֆլեշմոբ է իրականացրել Դալմա գարդեն մոլում

2 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկը ֆլեշմոբ է իրականացրել Դալմա գարդեն մոլում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 26-ին իրականացրել է ֆլեշմոբ` Դալմա գարդեն մոլում նվագելով Մորիս Ռավելի հայտնի «Բոլեռո»-ն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ազգային ֆիլհարմոնիկի՝ մոտ 80 երաժիշտ, անսպասելի դուրս գալով մոլի տարբեր խանութներից, հավաքվել են առաջին հարկի սրահում ու մաեստրո Թոփչյանի ձեռքի մի շարժումով «Բոլեռո»-ի կրակոտ, իսպանական ռիթմերը տարածվել են ամբողջ մոլով մեկ` հիացմունք ու զարմանք պատճառելով այցելուներին։

Ֆլեշմոբն անսպասելի նախատոնական անակնկալ էր երևանցիներին և դասական երաժշտության տարածման գեղեցիկ ակցիա` ազգային ֆիլհարմոնիկի և Դալմա գարդեն Մոլի կողմից։

Իսկ դրա համար ընտրված ստեղծագործությունը` Ռավելի «Բոլեռո»-ն, նվագախմբային երկացանկի ամենասիրված ու տարածում գտած գործերից մեկն է: Այն հնչում է ֆիլմերում, թատերական ներկայացումներում, բալետային բեմադրություններում։ 1979թ-ին, հնչելով ամերիկյան ռոմանտիկ-կատակերգական «10» ֆիլմում, աննախադեպ տարածում գտավ։ Մասսայական վաճառքը 1 միլիոն դոլարի հոնորար բերեց և կայծակնային կերպով Ռավելին դարձրեց ամենավաճառվող դասական կոմպոզիտորը։

«Բոլեռո»-ն Ռավելը գրել է 1928թ-ին, այն առաջին անգամ կատարվել է 1928թ.-ի նոյեմբերի 22-ին` Փարիզի «Գարնիե» օպերայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում