Հասարակական

Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել. Օպերայի բեմում «Զինվորի տան» տղաներն են՝ «Հայրենիքիս» խորագիրը կրող համերգով

2 րոպեի ընթերցում

Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել. Օպերայի բեմում «Զինվորի տան» տղաներն են՝ «Հայրենիքիս» խորագիրը կրող  համերգով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական քոչարի, վալս՝ Արամ Խաչատրյանի հնչյունների ներքո, իսպանական պարեր, հայրենիքին նվիրված կատարումներ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Զինվորի տան» տղաներն են, որոնք հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմի պատճառով վիրավորվել են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Զինվորի տան» կողմից կազմակերպված «Հայրենիքիս» խորագրով համերգի մասնակից Գևորգ Կարապետյանը նշեց, որ նախագծի գաղափարը ծնվել է մոտ երկու տարի առաջ, և առաջին անգամ համերգային ծրագիրը կազմակերպվել է միայն «Զինվորի տան» տղաների մասնակցությամբ:

«Բնականաբար, շատ քիչ լարվածություն և հուզմունք կա, բայց դա մեզ չի խանգարելու, և մենք կփորձենք շատ լավ ներկայանալ և առավելագույնը տրամադրել մեր հանդիսատեսին»,-նշեց Գևորգ Կարապետյանը:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի խոսքով՝ տղաներն ապացուցում են, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն և կամք:

«Ինչպես մեր տղաներն են սիրում ասել՝ սա ապացույց է, որ կարելի է նորից ապրել, հասնել հաջողությունների և բարձրունքների, որոնց մասին անգամ մտածել չենք կարող: Սա մեր տղաների համար մեծ հաղթանակ և ոգևորություն էր: Այն կյանքին «այո» ասելու և ապրել շարունակելու մասին էր, բոլորին հույս տալու մեծ հնարավորություն էր: Սովորաբար իրենց են մխիթարում, քաջալերում, բայց այս անգամ իրենք բոլորիս քաջալերեցին»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

Տղաները բեմում ապացուցեցին, որ կյանքը շարունակվում է, իսկ համերգը եզրափակեցին հետևյալ բառերով. «Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել և թող այս համերգային ծրագիրը բոլորի կյանքում մի նոր բանի սկիզբ լինի»:

Օպերայի բեմում հուզիչ պարային համարներ էին, խրոխտ քոչարի և ոգեշնչող կատարումներ, որոնց հաջորդեցին հանդիսատեսի երկար ու չդադարող ծափահարությունները:

Համերգային ծրագրին ներկա էին հայրենիքի համար անմահացած զինվորների ծնողներ, դեսպաններ և ՀՀ կառավարության անդամներ:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում