Տնտեսություն

Ընդունում եմ, որ վարկերի տոկոսների բարձր լինելու խնդիր կա. վարչապետ

3 րոպեի ընթերցում

Ընդունում եմ, որ վարկերի տոկոսների բարձր լինելու խնդիր կա. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Հայաստանում վարկերի տոկոսների բարձր լինելու խնդիր կա, կառավարությունն այդտեղ անելիք ունի և իրականացնում է, օրինակ, սուբսիդավորվող ծրագրեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու՝ վարկերի տոկոսների բարձր լինելու վերաբերյալ հարցին:

Վարչապետը նախ նկատեց, որ շատ է փորձ արվում բանկային համակարգը դեմոնիզացնել: Ըստ նրա՝ պետք է բանկային համակարգի աշխատանքը ճիշտ պատկերացնել, որ գործընթացները հասկանալի լինեն:

«Բայց մյուս կողմից ես ընդունում եմ, որ մեզ մոտ տոկոսների բարձր լինելու խնդիր կա: Բայց դա կախված է նաև համաշխարհային միտումներից: Տոկոսը փողի գինն է, այն երբեմն ավելանում է, երբեմն՝ նվազում»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ կառավարությունը բանկային համակարգի գործունեությանն ընդհանրապես որևէ միջամտություն ցույց չի տվել 2018 թվականից հետո: Ըստ նրա՝ սրանով կարողացել են Հայաստանում պահպանել մակրոտնտեսական կայունությունն ու տնտեսական բարձր աճի ֆոն ապահովել:

«Տոկոսները նաև Կենտրոնական բանկն է կառավարում: ԿԲ-ն սահմանում է վերաֆինանսավորման տոկոսադրույք: Երբեմն ԿԲ-ն ցանկանում է այնպես անել, որ վարկերը լինեն մատչելի, երբեմն ԿԲ-ն ուզում է այնպես անել, որ վարկերը լինեն պակաս մատչելի: Սա կապված է գնաճի հետ: Եթե շուկա շատ փող է մտնում, պահանջարկը մեծանում է, դրա հետ գներն էլ են բարձրանում: Նման դեպքերում Կենտրոնական բանկը փորձում է զսպել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց՝ կորոնավիրուսի ժամանակ շատ լուրջ գնաճային ռիսկեր են եղել, սակայն այս տարի գնաճը շատ ցածր մակարդակի վրա է:

Անդրադառնալով վարկերի բարձր տոկոսադրույքների վերաբերյալ քաղաքացու մտահոգությանը՝ վարչապետն ասաց. «Այո, մենք շատ հաճախ ընդունում ենք դա և ընդունում ենք, որ կառավարությունն այդտեղ անելիք ունի: Ինչպես է արտահայտվում կառավարության անելիքը. մենք, օրինակ, պետական բյուջեի միջոցներով տասնյակ միլիարդ դրամների սուբսիդավորվող ծրագրեր ենք անում»:

Նրա խոսքով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվում են բազմաթիվ մարդիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում