Հասարակական

«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի հատուկ հյուրը կլինի Նասիմ Թալեբը, սպասվում են անակնկալներ

4 րոպեի ընթերցում

«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի հատուկ հյուրը կլինի Նասիմ Թալեբը, սպասվում են անակնկալներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք Գիտության և գործարարության օրեր համաժողովի վերաբերյալ։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ անցած տարի համաժողովի հատուկ հյուրն էր Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, իսկ այս տարի հատուկ հյուրը կլինի ականավոր գիտնական, փիլիսոփա և գործարար Նասիմ Թալեբը։

-Տիկին Իսպիրյան անցած տարի Գիտության և գործարարության օրեր համաժողովին մասնակցում էին բազմաթիվ հայտնի դեմքեր: Այս տարի ում ենք տեսնելու Հայաստանում:

-Այո, իրավացի եք, «Գիտության և գործարարության օրեր 2022»-ն այն եզակի ստացված միջոցառումներից էր, որտեղից մարդիկ դուրս էին գալիս շատ ոգևորված և լավ տրամադրությամբ: Ինչպես գիտեք անցած տարվա հատուկ հյուրը նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանն էր։ Այս տարի հատուկ հյուրի կարգավիճակում սպասում ենք ականավոր գիտնական, փիլիսոփա և բիզնեսմեն Նասիմ Թալեբին։ Ենթադրում եմ տեղյակ եք նրա աշխատությունների մասին, որոնք համաշխարհային բեսթսելերներ են, օրինակ «Սև կարապը» կամ «Հակափխրունությունը»: Բացի Թալեբի ելույթից, լինելու են նաև բազմաթիվ հետաքրքիր այլ ելույթներ և պանելային քննարկումներ, օրինակ՝ «Գիտության հզորացումը. կամուրջ գիտության և գործարարության միջև» խորագրով քննարկումը և այլն։ Կլինեն նաև անակնկալներ:

-Համաժողովի նպատակներից, թերևս, առանցքայինը գործարար և գիտական ոլորտների միջև փոխգործակցության խթանումն է կամ, ինչպես ասում են, գիտության առևտրայնացումը: Ի՞նչ պայմաններ ու նախադրյալներ կան նման ոլորտային համագործակցության համար և ի՞նչ դեր ունի այդտեղ պետությունը և մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը:

-Ինչպես արդեն նշեցի, ունենք պանելային քննարկում գիտությունը բիզնեսի հետ կամրջելու թեմայով: Նախադրյալների մասին խոսելիս՝ կնշեի նախարարության հատուկ ուշադրությանը գիտելիքահեն տնտեսության զարգացման նկատմամբ, և, ինչու ոչ, նման համաժողովների կազմակերպումը Էկոնոմիկայի նախարարության կողմից տալիս է հնարավորություններ գիտությունն էլ ավելի մոտեցնել գործարարությանը, ստեղծում է նախադրյալներ և միջոլորտային կապեր՝ միմյանց ճանաչելու և համատեղ ծրագրեր սկսելու համար:

-Գիտենք որ համաժողովին մասնակցությունը տոմսերով է։ Արդյոք որոշակի խորհրդանշական իմա՞ստ է դրված միջոցառումը նման սկզբունքով կազմակերպելու մեջ:

-Այո, այս պահին տոմսերը ազատ վաճառքի են, և վաճառքից գոյացած ամբողջ հասույթը ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու ծրագրերին։ Համաժողովի նախասրահում լինելու է նաև էքսպո-ցուցահանդես, որի մուտքը օրվա երկրորդ կեսից լինելու է ազատ բոլորի համար։

-Արդյոք շարունակական բնույթ ունի միջոցառումը։

-Այո, համաժողովն ունի ամենամյա բնույթ, որն էլ ավելի կամրապնդի գիտության և գործարարության միջև կապը։ Ինչպես արդեն ասվեց, գիտության կիրառականությունը, առևտրայնացումը գործարար ոլորտում, արտադրության կամ արդյունաբերության մեջ կարևոր նախադրյալներ է ստեղծում երկու, թվում է՝ միմյանց հետ քիչ առնչություններ ունեցող բնագավառներում զարգացում ապահովելու համար: Այս տեսանկյունից համաժողովը, ինչպես նաև նմանօրինակ այլ նախաձեռնություններն ու միջոցառումները, միանշանակ դրական արդյունքներ են ունենում:

-Նշեցիք, որ անակնկալներ են սպասվում, կմանրամասնե՞ք ինչ անակնկալների մասին է խոսքը։

Կարող եմ անակնկալներից մեկի մասին խոսել։ Դա բոլորիս քաջ հայտնի համաշխարհային TED-ի ֆորմատով կարճ բանախոսություններն են, որն անվանել ենք SBD Talks, ինչը նորություն է այս տարվա համաժողովի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում