ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի 41 տոկոսը հաջորդ տարի կուղղվի պաշտպանության ոլորտին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:
2024 թվականին կապիտալ ծախսերն ավելանում են և դառնալու են 710 մլրդ դրամ։ «Կապիտալ ծախսերի 41 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,-ասաց նախարարը:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ պաշտպանության ոլորտին հատկացնելու են 555 մլրդ դրամ, դա 7 տոկոսով ավելին է, քան 2023 թվականին:
«Պաշտպանության ծախսերը համախառն ներքին արդյունքում կկազմեն 5.3 տոկոս»,-նշեց նախարարը: