Հասարակական

Կյանքից հեռացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ​և ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը

3 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ​և ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորը ցավով հայտնում է, որ նոյեմբերի 7-ին 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը, ով երկար տարիներ անձնվիրաբար մաս է կազմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության ներկայացման և առաջնահերթությունների առաջմղման գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր երկարամյա ծառայության ընթացքում պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, հուշամեդալներով, շքանշաններով. ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության հրամանատարի շքանշանով, ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշանով և այլն:

«Խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Տեր-Ստեփանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։ Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակը վառ կմնա բոլորիս հիշողություններում»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ներկայացնելով նրա կենսագրականը.

Քրիստիան Տեր-Ստեփանյանը ծնվել է 1951թ. Ֆրանսիայում: Սովորել է Փարիզի VII համալսարանում, բանասիրության և պատմության ֆակուլտետում:

1991-1992թթ․՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ,

1993-1996թթ.՝ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, այնուհետև՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,

1996-1998թթ․՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, իսկ 1998-1999թթ. Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար,

1999-2008թթ.՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ,

2008-2013թթ․՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական՝ ֆրանկոֆոնիայի հարցերով,

2013-2019թթ.՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ,

2019թ. հունվարի 17-ից՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում