Հասարակական

«Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ կհատկացնի ՀԿԽԸ-ին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օժանդակության համար

2 րոպեի ընթերցում

«Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ կհատկացնի ՀԿԽԸ-ին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օժանդակության համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը և Հայկական կարմիր խաչի ընկերությունը նոյեմբերի 1-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրերի իրականացմամբ միավորելու իրենց ջանքերը՝ մարդասիրական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց։ Ըստ այդմ՝ «Ապավեն» ՍՊԸ-ն Հայկական կարմիր խաչի ընկերությանը կկատարի 40 մլն դրամի չափով նվիրատվություն, իսկ ՀԿԽԸ-ն՝ կամավորական ռեսուրսի ներգրավմամբ կկազմակերպի մարդասիրական օգնության ձեռքբերումը, փաթեթավորումն ու բաշխումը շահառուներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ապավեն» ընկերությունից, հուշագիրը վավերացրել են «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը և Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են կորպորատիվ համագործակցության դրսևորումը՝ որպես մարդասիրական ճգնաժամի սպառնալիքներին ու իրավիճակներին պատշաճ արձագանք, ինչպես նաև մարտահրավերներին հասցեական լուծումներ տալու հարցում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը։

Նշվում է, որ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը վեց ամսով ստանձնել է նաև Բյուրականի աստղադիտարանի հյուրատանն ապաստանած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր 40 հայրենակիցների կեցության և կենսական առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման ֆինանսավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում