Տնտեսություն

ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է հայ-իրանական բիզնես համաժողովի. քննարկվել է աշխատաշուկայի հարցը

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է հայ-իրանական բիզնես համաժողովի. քննարկվել է աշխատաշուկայի հարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համաժողովին։ Հայկական պատվիրակության կազմում եղել են բիզնեսի շուրջ 15 ներկայացուցիչներ, որոնք միջոցառման շրջանակում իրանցի գործընկերների հետ դիտարկել են հետագա համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի տեղակալ Ալի Ռեզա Ասկարիան և այլք․ քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատաշուկայի զարգացման վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ իր ելույթում նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ ելնելով երկու երկրների և ժողովուրդների լավագույն շահից։

Նշվում է, որ միջոցառման շրջանակում կողմերի մասնակցությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ համագործակցության հետագա ընթացքի հստակեցման նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում