ՀՀ վարչապետն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին
2 րոպեի ընթերցում
![ՀՀ վարչապետն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1123216.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսության ոլորտում: Վարչապետն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ առկա ներուժի իրացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:
Պյոտր Սքվեչինսկին շեշտել է Լեհաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով և հավելել, որ գործունեության ընթացքում կներդնի բոլոր ջանքերն՝ ի նպաստ երկկողմ կապերի հետագա զարգացման:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-լեհական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ փոխգործակցության և այլ հարցերի շուրջ: